Ընտրության գործընթաց

 

Անձնակազմի ընտրության գործընթացը հիմնված է հավասար հնարավորությունների, թափանցիկության, օբյեկտիվության և արդարության սկզբունքների վրա։ Այն բաղկացած է հետևյալ փուլերից.   

 

 Դիմում-հայտ

 

Մեզ համար շատ կարևոր է իմանալ ՊրոԿրեդիտ Բանկ դիմելու թեկնածուի դրդապատճառները: Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ թեկնածուները Բանկին ծանոթանալու համար նախապես բավարար ժամանակ կհատկացնեն և դիմելուց կհիմնավորեն իրենց հետաքրքրվածությունը:

 

Ինքնակենսագրականում թեկնածուները պետք է լրացնեն իրենց կրթությանը, աշխատանքային փորձին, դասընթացներին և հմտություններին վերաբերող տեղեկատվություն:

 

Մոտիվացիոն նամակում թեկնածուները պետք է հիմնավորեն, թե ինչո՞ւ են ցանկանում աշխատել ՊրոԿրեդիտում, ո՞րն է նրանց հետաքրքրությունների շրջանակը, ի՞նչ գիտեն ՊրոԿրեդիտ Բանկ Հայաստանի և ՊրոԿրեդիտ Հոլդինգի մասին, որո՞նք են իրենց ակնկալիքները և ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ նրանցից ՊրոԿրեդիտը:

 

ՊրոԿրեդիտ խմբի և ՊրոԿրեդիտ Բանկ Հայաստանի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կարող եք գտնել տվյալ և www.procredit-holding.com կայքում: Ինքնակենսագրականները և մոտիվացիոն նամակները ստուգվում են՝ պարզելու դրանց համապատասխանությունը մեր պահանջներին և չափանիշներին։ Եթե թեկնածուի տվյալները համապատասխանում են մեր պահանջներին, ապա զանգահարում ենք հեռախոսազրույց անցկացնելու։

 

  Հեռախոսազրույց

 

Հեռախոսազրույցի նպատակն է ճշտել թեկնածուի ինքնակենսագրականում և մոտիվացիոն նամակում ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը, ինչպես նաև համոզվել, որ թեկնածուն հստակ պատկերացնում է ՊրոԿրեդիտ Բանկում աշխատելու ողջ պատասխանատվությունը, տեղեկանալ թեկնածուի առաջնահերթությունների ու շարժառիթների մասին, ինչպես նաև պատկերացում կազմել վերջինիս հաղորդակցման հմտությունների վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում թեկնածուները ևս կարող են տալ իրենց հետաքրքրող բոլոր նպատակային հարցերը: Հեռախոսազրույցի տևողությունը 20-30 րոպե է: Կարևոր է, որպեսզի թեկնածուն գտնվի հարմար վայրում և ունենա անկաշկանդ զրուցելու հնարավորություն: Եթե թեկնածուին հարմար չէ այդ պահին զրուցել, ապա վերջինիս հետ այլ պայմանավորվածություն ձեռք կբերվի: Այս փուլը հաղթահարած թեկնածուները հրավիրվում են Բանկի գլխամասային գրասենյակ՝ մասնակցելու ընտրության հաջորդ փուլերին:

        

  Մաթեմատիկայի և տրամաբանության թեստ

 

Քանի որ տրամաբանական մտածողությունը և մաթեմատիկական գիտելիքները կարևոր են ֆինանսական կառույցում աշխատելու համար, այդ իսկ պատճառով թեկնածուները հանձնում են մաթեմատիկայի և տրամաբանության թեստ: Հետաքրքրված թեկնածուները կարող են գտնել մաթեմատիկայի և տրամաբանության թեստի օրինակներ հետևյալ հղումներով:

 

Մաթեմատիկայի և տրամաբանության թեստի օրինակ #1

Մաթեմատիկայի և տրամաբանության թեստի օրինակ #2

Մաթեմատիկայի և տրամաբանության թեստի օրինակ #3

 

Հրավիրված թեկնածուներին խորհուրդ է տրվում ծանոթանալ թեստի օրինակներին և անհրաժեշտության դեպքում նախապատրաստվել:

 

   Խմբային քննարկում

 

Մաթեմատիկայի և տրամաբանության թեստը հաջող հանձնելու դեպքում (60 հնարավորից 39 և ավել միավոր հավաքած թեկնածուները համարվում են թեստն անցած) թեկնածուները հրավիրվում են խմբային քննարկման: Այս փուլը նպատակ է հետապնդում բացահայտելու մասնակիցների սոցիալական հմտությունները, օրինակ` լսելու ու հաղորդակցվելու, թիմում աշխատելու և քննարկումների մասնակցելու ունակությունները: Խմբային քննարկումը տևում է շուրջ 1,5 ժամ, որի ընթացքում քննարկվում է երկու թեմա՝ յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ: Խումբը բաղկացած է վեց հոգուց, իսկ քննարկվող թեմաները վերաբերում են սոցիալական, բնապահպանական և տնտեսական ոլորտներին:

 

  Անհատական հարցազրույց

 

Այն թեկնածուները, ովքեր խմբային քննարկման ժամանակ ցուցադրում են անհրաժեշտ սոցիալական, հաղորդակցման և վերլուծական հմտություններ, հրավիրվում են անհատական հարցազրույցի: Այս փուլի նպատակն է բացահայտել թեկնածուի հետաքրքրությունները, ծրագրին դիմելու դրդապատճառները, վերջինիս ուժեղ և թույլ կողմերը, հետագա ծրագրերը, արժեքային համակարգը և էթիկական սկզբունքները: Հարցազրույցի ընթացքում թեկնածուները հնարավորություն ունեն ստանալ նաև իրենց հուզող հարցերի պատասխանները և պարզաբանել իրենց ակնկալիքները:

 

  Երկշաբաթյա ներածական դասընթաց

 

Ընտրության վերջին փուլը երկշաբաթյա դասընթացն է, որն անց է կացվում Երևանից դուրս տեղակայված որևէ հանգիստ վայրում: Ընտրված թեկնածուները ծանոթանում են ՊրոԿրեդիտի բիզնես փիլիսոփայությանը և պատմությանը, մարդկային ռեսուրսների քաղաքականությանը, էթիկական ու պատասխանատու բանկային ծառայությունների իրականացման սկզբունքներին: Երկշաբաթյա դասընթացը հնարավորություն է տալիս թեկնածուներին ավելի լավ ծանոթանալու ՊրոԿրեդիտին որպես ընկերություն, իսկ ՊրոԿրեդիտին՝ ավելի լավ ճանաչելու թեկնածուներին:
Այս փուլի հաջող ավարտը սկիզբ է դնում «Երիտասարդ բանկիրների ծրագրին» նրանց մասնակցությանը:

Ծանուցում. Ընտրության ամբողջ գործընթացը (բացառությամբ ներածական դասընթացի) կազմակերպվում է Երևանում՝ ՊրոԿրեդիտ Բանկի գլխամասային գրասենյակում: Բոլոր այն թեկնածուները, ովքեր մարզերից Երևան են հրավիրվում մասնակցելու մրցութային փուլերի, կստանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ գնացքի կամ ավտոբուսի տոմսի գնի չափով: ՊրոԿրեդիտ Բանկը հոգում է ներածական դասընթացի հետ կապված տրանսպորտային և հյուրանոցային բոլոր ծախսերը:  
 
 
 
 

 

Թարմացված է 2016-03-03